Մոսկվայի դատարանը երկարաձգել է գործարար Արայիկ Ամիրխանյանի կալանքի ժամկետը, որը մեղադրվում է 2023 թվականի դեկտեմբերին Մոսկվայի մարզում Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվայի սպանությանը մասնակցելու մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ Ամիրխանյանի նախնական կալանքը երկարաձգվել է մեկ ամսով և չորս օրով, այսինքն՝ մինչև դեկտեմբերի 6-ը։ Ամիրխանյանը կրկին հերքել է նախկին ուկրաինացի պատգամավորի սպանությանը որևէ մասնակցություն։
«Ես չէի կարող լինել Կիվայի սպանության հանցակից, քանի որ նրան ժամանակին տրամադրել եմ զրահապատ մեքենա և բնակության վայր։ Իմ ռուսամետ համակրանքների պատճառով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկեց ինձ Ուկրաինայի քաղաքացիությունից, քանի որ բիզնեսով էի զբաղվում Դոնեցկում և Ղրիմում»,- հայտարարել է մեղադրյալը։
Մոսկվայի մարզի Սերգիև Պոսադի դատարանը սեպտեմբերի սկզբին Ամիրխանյանին կալանավորել էր մինչև նոյեմբերի 2-ը։ Քննիչները նրան մեղադրում են Կիվայի սպանությանը մեղսակից լինելու մեջ։ Քրեական գործի նյութերում նշվում է, որ Ամիրխանյանը հարցաքննության ժամանակ չի ընդունել մեղադրանքները։ Քննիչները կարծում են, որ գործարարն Ուկրաինայի անվտանգության ծառայության իր օգնականներին տեղեկություններ է տրամադրել Կիվայի գտնվելու վայրի, առօրյայի և ճանապարհորդության երթուղիների մասին, ինչն օգնել է մարդասպանին դարանակալել և կրակել նախկին խորհրդարանականի վրա։
Ըստ Ուկրաինայի Ներքին գործերի նախարարության տվյալների բազայի՝ Ամիրխանյանը 2020 թվականին հետախուզման մեջ էր հայտնվել առանձնապես խոշոր չափերի խարդախության գործով։ Կիվայի մարդասպանները, սպանության պատվիրատուն և կազմակերպիչը դեռևս չեն բացահայտվել, իսկ նախկին պատգամավորին սպանելու համար օգտագործված զենքը չի հայտնաբերվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







