«Սպուտնիկ Ադրբեջանի» գլխավոր խմբագիր Իգոր Կարտավիխն ազատ է արձակվել կալանքից և տեղափոխվել Ռուսաստան, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ՌԴ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովային։
Կարտավիխը ձերբակալվել էր հունիսի 30-ին Բաքվում՝ «Սպուտնիկ Ադրբեջանի» գրասենյակի խուզարկությունների ժամանակ։ Ձերբակալվել էին նաև գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը և գործակալության մի քանի աշխատակից՝ խարդախության, անօրինական ձեռնարկատիրության և փողերի լվացման մեղադրանքներով։
Ադրբեջանի անվտանգության ուժերը պնդում էին, որ Կարտավիխը և Բելոուսովը ՌԴ անվտանգության ծառայության աշխատակիցներ են, սակայն ռուսական կողմը հերքել էր այդ մեղադրանքները՝ դրանք անվանելով անհիմն։
Ձերբակալությունները տեղի էին ունեցել Բաքվի և Մոսկվայի միջև լարվածության սրման ֆոնին, որն սկսվել էր 2024 թվականի դեկտեմբերին «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռի վթարից հետո և սրվել հունիսի վերջին՝ Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ադրբեջանական սփյուռքի անդամների ձերբակալությունից հետո։ Նրանք կասկածվում էին 2001, 2010 և 2011 թվականներին երկու սպանության և մեկ սպանության փորձի ներգրավվածության մեջ։
Մեղադրյալներից երկուսը մահացել են։ Ռուսաստանի քննչական կոմիտեի տվյալներով՝ նրանցից մեկը մահացել է սրտի անբավարարությունից։ Ադրբեջանում դատաբժշկական փորձագետները հայտարարել են, որ դիակների վրա կան բազմաթիվ վնասվածքներ, և Բաքուն քրեական հետաքննություն է սկսել։






































