ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախազգուշացրել է պետական աշխատակիցներին, ովքեր կառավարության փակման (շաթդաուն) պատճառով ժամանակավորապես մնացել են առանց աշխատանքի, որ հնարավոր է՝ նրանք չստանան աշխատավարձ այս ժամանակահատվածի համար, երբ ֆինանսավորումը վերսկսվի։ Այսպիսի դիրքորոշումը որոշ օրենսդիրների կողմից որակվել է անօրինական, գրում է BBC-ն:
Աշխատանքային հիշեցման մեջ նշվում է, որ 2019 թվականին Թրամփի կողմից ստորագրված օրենքը, որը երաշխավորում էր հետվճար փակման ժամանակ, չի տարածվում այն աշխատակիցների վրա, ում ժամանակավորապես պահանջել են չներկայանալ աշխատանքի։
Թրամփը լրագրողներին ասել է, որ հետվճարը «կախված է նրանից, թե ում մասին են խոսում», և որ որոշ աշխատակիցներ «չեն արժանա, որ նրանց նկատմամբ հոգ տարվի»։
Ներկայում մոտ 750 հազար աշխատակից կորցրել է իր կանոնավոր աշխատավարձը։
Ընթացիկ շաթդաունն սկսվել է հոկտեմբերի 1-ից։ Հանրապետականներն ու դեմոկրատները Սենատում բանավեճի մեջ են՝ փորձում են վերսկսել կառավարության ֆինանսավորումը, բայց առաջարկվող որոշումները բազմիցս ձախողվել են քվեարկության փուլերում։ Դեմոկրատները ցանկանում են, որ ցանկացած որոշում ընդգրկի առողջապահական հարցերը, իսկ հանրապետականները պահանջում են միայն «մաքուր» օրենսդրություն, որը վերաբերում է միայն ֆեդերալ բյուջեին:






































