ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Օվալաձև գրասենյակում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ ռեփեր և երաժշտական պրոդյուսեր Փի Դիդին (իսկական անունը՝ Շոն Քոմբս) դիմել է իրեն՝ խնդրելով ներում շնորհել, հայտնում է Deadline-ը։
«Ես նրան Puff Daddy եմ կոչում։ Նա ինձնից ներում էր խնդրում»,- ասել է Թրամփը լրագրողների հետ զրույցում, սակայն չի հստակեցրել, թե ինչ պատասխան է տվել Քոմբսին։
Օգոստոսին Newsmax-ին տված հարցազրույցում, երբ Թրամփին հարցրել էին Դիդիի հնարավոր ներման մասին, նա ասել էր․ «Կարծում եմ՝ նա, ըստ էության, կիսով չափ անմեղ է։ Ես շատ բարեկամական հարաբերությունների մեջ էի նրա հետ, բայց երբ առաջադրվեցի նախագահի պաշտոնում, շատ թշնամական էր տրամադրված։ Այնպես որ, չեմ կարող ասել, ամեն ինչ շատ բարդ է»։
2024-ի հոկտեմբերին հայտնի էր դարձել, որ Դիդիին սպառնում է ավելի քան 100 նոր հայց սեռական բռնության և շահագործման վերաբերյալ: 25 անձ, ովքեր, ամենայն հավանականությամբ, դատական հայց կներկայացնեն, ենթադրյալ հանցագործությունների պահին անչափահաս էին: Զոհերից ամենաերիտասարդը 9-ամյա տղա է։
Հոկտեմբերի 3-ին դատարանը Դիդիին դատապարտել էր չորս տարի և երկու ամիս ազատազրկման, ինչպես նաև պարտավորեցրել էր վճարել 500 հազար դոլար տուգանք՝ մարմնավաճառությանն օժանդակելու համար։ Մինչդեռ դատախազները պահանջում էին 11 տարվա ազատազրկում։






































