Ղազախստանը և Ղրղզստանը մերժել են 2027 թվականին նախատեսված ԱՊՀ 4-րդ խաղերը հյուրընկալելու առաջարկը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Խաղերը սովորաբար անցկացվում են հերթով ԱՊՀ անդամ պետությունների կողմից՝ այբբենական կարգով: ԱՊՀ գործադիր կոմիտեն նախկինում Ղազախստանի և Ղրղզստանի կառավարություններին ուղարկել էր ԱՊՀ չորրորդ խաղերը հյուրընկալելու հարցումներ և առաջարկներ:
Նշվում է, որ Ղազախստանը հրաժարվել է հյուրընկալել խաղերը, քանի որ երկիրը պատրաստվում է հյուրընկալել խոշոր մարզական միջոցառումներ, այդ թվում՝ «Ապագայի խաղերը»։
«Ղազախստանը հաստատում է իր հավատարմությունը միջպետական ծրագրի նպատակներին և խնդիրներին ու հայտնում է իր պատրաստակամությունը՝ քննարկելու ԱՊՀ խաղերը հաջորդ տարիներին հյուրընկալելու հնարավորությունը, եթե բարենպաստ պայմաններ լինեն»,- հայտարարել է Ղազախստանի ներկայացուցիչը։
Ղրղզստանը, իր հերթին, չի կարողանա հյուրընկալել խաղերը՝ ֆինանսական սահմանափակումների պատճառով։
«Խոշորամասշտաբ պետական մրցումների հյուրընկալումը զգալի բեռ կդնի ազգային բյուջեի վրա: Ղրղզստանում մի շարք մարզաձևերի համար միջազգային չափանիշներին համապատասխանող մարզական կառույցներ կա՛մ բացակայում են, կա՛մ կառուցման փուլում են»,- հայտարարել է ղրղզական կողմը։
ԱՊՀ երրորդ խաղերն անցկացվում են Ադրբեջանի յոթ քաղաքներում և կավարտվեն հոկտեմբերի 8-ին։ Ծրագիրը ներառում է 21 մարզաձևից մրցումներ, որոնցում անցկացվելու է 505 մեդալային մրցաշար։
ԱՊՀ առաջին խաղերն անցկացվել էին Կազանում՝ 2021 թվականի սեպտեմբերին, իսկ երկրորդը Բելառուսում՝ 2023 թվականի օգոստոսին։
Ավելի վաղ Բաքուն հայտարարել էր, որ հայ մարզիկներին հրավեր է ուղարկել՝ մասնակցելու Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ 3-րդ խաղերին։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել էր, որ Հայաստանը կքննարկի հայ մարզիկների մասնակցությունը խաղերին։




































