Առնվազն 4 մարդ զոհվել է, 8-ը վիրավորվել ԱՄՆ-ում՝ Միչիգան նահանգի մորմոնական եկեղեցում կրակոցների հետևանքով, հայտնում է CNN-ը՝ հղում անելով ոստիկանությանը։
Իրավապահների տվյալներով՝ զինված տղամարդը մեքենայով ներխուժել է եկեղեցու շենքի գլխավոր մուտքից, արարողության ընթացքում սկսել է կրակել, ապա դիտավորյալ հրդեհ է առաջացրել, որը վերածվել է մեծ կրակի։ Ոստիկանները չեն բացառել, որ այրված շենքում դեռ կարող են զոհեր հայտնաբերվել։
Ոստիկանները փոխհրաձգության մեջ են մտել հարձակվողի հետ և սպանել նրան։ Հետաքննիչները պարզել են, որ նա Թոմաս Ջեյքոբ Սանֆորդն է՝ 40 տարեկան, Միչիգանի Բերտոն քաղաքից։
Euronews-ի հաղորդմամբ՝ ոստիկանությունը հայտնել է, որ դեռ չունի որևէ տվյալ հրդեհի կամ կրակոցի դրդապատճառների մասին, սակայն քննիչները խուզարկում են կասկածյալի բնակարանը մոտակա Բերտոն քաղաքում։
Եկեղեցին, որը շրջապատված է ավտոկայանատեղիով և մեծ խոտածածկ տարածքով, գտնվում է բնակելի թաղամասերի հարևանությամբ։





































