Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կստանա խաղաղության Նոբելյան մրցանակ, եթե ուկրաինական հակամարտության հարցում կարողանա այնպիսի խաղաղություն հաստատել, որի դեպքում Ուկրաինան կպահպանի անհրաժեշտ սահմանները՝ պաշտպանվելու համար, հայտնել է Guardian թերթը։
Նշվում է, որ Սիկորսկին հույս է հայտնել, որ Թրամփին Նոբելյան մրցանակ կշնորհվի, քանի որ նա կկարողանա հասնել «արդար խաղաղության»։
«Ուկրաինան պետք է մնա այն սահմանների շրջանակներում, որոնք կարող է պաշտպանել և ինտեգրվել Արևմուտքի հետ»,- ասել է նա։
Օգոստոսին Սպիտակ տանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էին Թրամփին խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու նպատակով Նոբելյան կոմիտեին դիմումներ ներկայացնելու մտադրության մասին։ Այնուհետև Սպիտակ տունը հայտնել էր, որ յոթ երկիր աջակցել է Թրամփի առաջադրմանը։






































