Թայլանդում հանգիստն անցկացնող Տոմսկի 45-ամյա բնակչուհին սահել է լողավազանի աստիճաններից, ընկել ջուրը, գլխին հարված ստացել, որից հետո սկսել է խոսել հին ռուսերենով, հայտնում է Московский комсомолец-ը։
Վնասվածք ստացած կնոջն անմիջապես դուրս են բերել ջրից և կանչել շտապօգնություն։ Նրան տեղափոխել են տեղի հիվանդանոց։ Բժիշկներն ախտորոշել են գանգուղեղային վնասվածք և ականջի սալջարդ։ Վնասվածքի հետևանքով զբոսաշրջիկ կինը կորցրել է հիշողությունը։
Երբ նրա գիտակցությունը վերականգնվել է, չի ճանաչել իր մտերիմ ընկերուհուն և չի հիշել նույնիսկ սեփական անունը։ Բացի այդ, նա սկսել է խոսել հին ռուսերենով։ Բժիշկները դժվարանում են ասել, թե ո՞րն է այս երևույթի պատճառը։ Կնոջը խորհուրդ են տրվել գանգի տրեպանացիա իրականացնել (գանգի բացում՝ վիրահատական եղանակով)։
Աղբյուրի տվյալներով՝ Տոմսկի բնակչուհին մասնագիտությամբ բանասեր է։ Հնարավոր է՝ ուսման ընթացքում ուսումնասիրել է հին ռուսական մշակույթն ու լեզվաբանությունը։






































