Ռուսաստանը և Չինաստանն աջակցել են Իրանին՝ կոչ անելով մերժել եվրոպական երկրների կողմից Թեհրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու նախաձեռնությունը, հայտնում է Reuters-ը։
Նշվում է, որ Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարների կողմից ստորագրված նամակում ասվում է, որ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի գործողությունները՝ այսպես կոչված snapback մեխանիզմի շրջանակներում ավտոմատ կերպով վերականգնելու պատժամիջոցները, «իրավական և ընթացակարգային առումով սխալ են»:
Նամակում նաև նշվում է, որ «Եվրաեռյակի» գործողությունները «չարաշահում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի լիազորություններն ու գործառույթները»:
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին կոչ ենք անում մերժել Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի նախաձեռնությունը՝ ակտիվացնելու Snapback մեխանիզմը և վերահաստատել իրենց հավատարմությունը միջազգային իրավունքի և բազմակողմ դիվանագիտության սկզբունքներին», - նամակը մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Օգոստոսի 28-ին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան սկսել էին Իրանի դեմ 2015 թվականի միջուկային համաձայնագրով չեղարկված պատժամիջոցների վերականգնման գործընթացը: Իրանը և «Եվրաեռյակը» նախկինում մի քանի փուլով միջուկային հարցով բանակցություններ էին վարել:
Եվրոպական երկրները պահանջել էին, որ Թեհրանը վերսկսի ՄԱԳԱՏԷ-ի ստուգումները միջուկային օբյեկտներում, այդ թվում՝ հարստացված ուրանի մեծ պաշարների հաշվառումը, ինչպես նաև Իրանի մասնակցությունը Միացյալ Նահանգների հետ բանակցություններին։ ԱՄՆ-ն և «Եվրաեռյակի» երկրները համաձայնության էին եկել օգոստոսի վերջը սահմանել որպես միջուկային համաձայնագրի կնքման վերջնաժամկետ:






































