ԱՄՆ դաշնային վերաքննիչ դատարանը հաստատել է ստորին ատյանի դատարանի որոշումը և հակասահմանադրական ճանաչել Սպիտակ տան որոշումները՝ ԱՄՆ-ի գրեթե բոլոր առևտրային գործընկեր երկրների ապրանքների վրա մաքսային տուրքեր սահմանելու վերաբերյալ, հայտնում է Reuters-ը:
Դատարանը եզրակացրել է՝ օրենքը, որի հիման վրա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սահմանել էր ներմուծման մաքսատուրքեր, իրականում նման լիազորություններ նախագահին չի տալիս։ Ըստ «Միջազգային տնտեսական արտակարգ լիազորությունների մասին» օրենքի՝ նախագահը կարող է դիմել տարբեր ֆինանսական ու տնտեսական միջոցների՝ չեզոքացնելու «անսովոր և արտակարգ արտաքին սպառնալիքներն» ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության կամ երկրի տնտեսության համար։ Թրամփը մաքսատուրքեր էր սահմանել՝ հայտարարելով, թե առևտրի էական դեֆիցիտն սպառնալիք է ազգային անվտանգությանը։
Դատարանի որոշումը կասկածի տակ է դնում արդեն սահմանված մաքսատուրքերի և ԱՄՆ-ի բազմաթիվ առևտրային գործընկերների հետ կնքված ավելի բարձր ներմուծման մաքսատուրքեր նախատեսող պայմանագրերի ճակատագիրը, ներառյալ՝ Եվրոպական միության հետ։
Թրամփն ապրիլին հայտարարել էր 185 երկրի մատակարարումների վրա մաքսատուրքերի բարձրացման մասին։ Հիմնական նվազագույն մաքսատուրքը՝ 10%, նախատեսվում էր գործարկել ապրիլի 5-ից, իսկ առանձին երկրների համար սահմանված անհատական դրույքաչափերը՝ ապրիլի 9-ից։ Թրամփը 90 օրով հետաձգել էր դրանց կիրառումը՝ այդ ընթացքում առևտրային բանակցություններ վարելու նպատակով։




































