Իրանի խորհրդարանն սկսել է քննարկել միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից (NPT) երկրի լիակատար դուրս գալու մասին օրինագիծ, հայտնել է Tasnim լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ նախաձեռնությունը կապված է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի որոշման հետ՝ գործարկել Թեհրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու մեխանիզմ՝ այսպես կոչված Snapback-ի (ՄԱԿ-ի պատժամիջոցների վերադարձ, եթե Իրանը չկատարի միջուկային պայմանագրի պահանջները - AT) շրջանակներում:
Պատգամավոր Հոսեյն-Ալի Հաջի Դեհլիգանիի խոսքով՝ օրինագծի տեքստը խորհրդարանականներին կներկայացվի օգոստոսի 30-ին, վերջնական հաստատումն սպասվում է հաջորդ շաբաթ:
«Սրանք Snapback մեխանիզմի ակտիվացման հետևանքներն են»,- ասել է Դեհլիգանին՝ ընդգծելով, որ «եվրոպական եռյակի» երկրները դարձել են «աշխարհում բազմաթիվ խնդիրների աղբյուր»:
Նա նաև զգուշացրել է, որ Թեհրանը պատրաստում է «այլ չափազանց տհաճ միջոցներ» պատժամիջոցների գործընթացի հիմնական մասնակիցների դեմ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին տեղեկացրել են 2015 թվականի միջուկային համաձայնագրից հետո վերացված հակաիրանական պատժամիջոցները վերականգնելու ընթացակարգի մեկնարկի մասին:
Ինչպես նշել էր լրագրող Բարաք Ռավիդը (Axios), այս քայլերի նպատակն է մեծացնել Թեհրանի վրա ճնշումը և վերադարձնել նրան Վաշինգտոնի հետ բանակցություններին:
Սակայն Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Snapback մեխանիզմի կիրառումը կհանգեցնի երկրի դուրս գալուն Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից և կխստացնի միջուկային ոլորտում կուրսը:
Բացի այդ, «եվրոպական եռյակը» պահանջել է, որ Իրանը ՄԱԳԱՏԷ-ին տրամադրի մինչև 60% հարստացված ուրանի օբյեկտներին և պաշարներին լիարժեք մուտք:
Այս հարցի շուրջ օգոստոսի 26-ին Ժնևում կայացած բանակցություններն ավարտվել էին անարդյունք: Դիվանագետների խոսքով՝ պատժամիջոցների կիրառման ընթացակարգը կտևի մոտ մեկ ամիս: Եվրոպան ակնկալում է այն ավարտել մինչև հոկտեմբեր, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը կանցնի Ռուսաստանին:




































