Թել Ավիվում ցուցարարները երեքշաբթի առավոտյան փակել են հարավային Այալոն մայրուղին և մի քանի խաչմերուկ՝ պատանդներին վերադարձնելու պահանջով, հաղորդում է Jerusalem Post-ը:
Գերիների ընտանիքների անդամներն իսրայելցիներին կոչ են անում դուրս գալ փողոցներ և կառավարությունից պահանջել, որպեսզի դադարեցնեն Գազայի պատերազմը ու քայլեր ձեռնարկեն մնացած 50 պատանդի ազատ արձակման գործարք ձեռք բերելու համար։
Ակցիայից հրապարակված տեսանյութերում երևում են «Կդադարեցնենք, երբ բոլորը վերադառնան» գրությամբ պաստառները, ինչպես նաև փողոցում վառված խարույկներ։
«Նեթանյահու, ինչո՞ւ ես ձգձգում։ Եթե նրա համար կարևոր է ավարտել պատերազմը, պետք է հստակ սկզբունքներ ներկայացնի։ Փոխարենը շարունակում է խափանել գործարքները։ Այս կառավարությունը պատերազմ է վարում առանց հստակ նպատակի»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:
Հունվարի 15-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը փուլային համաձայնության էին եկել Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Մարտի 18-ի լույս 19-ի գիշերը, սակայն, Իսրայելը վերսկսել էր հարվածները Գազայում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ հարձակումները կշարունակվեն՝ կապված ՀԱՄԱՍ շարժման կողմից հրադադարի ռեժիմի երկարաձգման և պատանդների ազատման ամերիկյան ծրագիրը մերժելու հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







