2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայի հատվածում սովի, թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 300-ի։ Նրանց թվում 117 երեխա կա, երկուշաբթի օրը հայտարարել է Գազայի առողջապահության նախարարությունը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
«Գազայի առողջապահության նախարարությունը վերջին 24 ժամվա ընթացքում գրանցել է սովի և թերսնման հետևանքով մահացած 11 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Սա սովի հետևանքով մահացածների թիվը հասցնում է 300-ի, այդ թվում՝ 117 երեխայի»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Գազայի հատվածի իշխանությունների տվյալներով՝ 2024 թվականին սովից մահացել է 50 մարդ, ևս 4 մարդ մահացել էր 2023-ին։
ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսության կազմակերպությունն օգոստոսի 22-ին առաջին անգամ հայտարարել էր աղետալի սովի վիճակի մասին։ ՄԱԿ-ի ինտեգրված սննդի անվտանգության փուլերի դասակարգումը (IPC) տարբերակում է սննդային անապահովության հինգ փուլ, որոնցից երրորդից հինգերորդ մակարդակները ներկայացնում են սննդի լուրջ պակաս։ Վերջնական՝ հինգերորդ փուլը նշանակում է աղետալի սով։
Ըստ գնահատականների՝ սեպտեմբերի վերջին Գազայի հատվածում ավելի քան 640 000 մարդ կբախվի սննդային անապահովության աղետալի մակարդակի, որը Սննդային անվտանգության դասակարգման (IPC) համաձայն դասակարգվում է որպես հինգերորդ փուլ։
Գազայի վարչակազմի տվյալներով՝ Իսրայելը, հուլիսի 27-ից օգոստոսի 20-ը պաղեստինցիներին մարդասիրական օգնության մատակարարումները մասնակիորեն վերսկսելուց հետո, թույլատրել է 2187 բեռնատարի մուտքը Գազայի հատված, որը բավարարում է բնակչության օգնության կարիքների ոչ ավելին, քան 15%-ը։
Միևնույն ժամանակ՝ նրանք հայտարարել են, որ Իսրայելը խոչընդոտում է Գազայի հատված հարյուրավոր տեսակի սննդամթերքի մուտքը, այդ թվում՝ անհրաժեշտ սննդամթերք, ինչպիսիք են կարմիր միսը, ձուկը, ձվերը, մրգերն ու բանջարեղենը, կաթնամթերքի որոշակի տեսակներ և սննդային հավելումներ։
Տեղի իշխանությունները պնդում են, որ բեռնատարների մեծ մասը թալանվում է իսրայելական զինվորականների թողտվությամբ։ Նրանց գնահատականներով՝ օրական մոտ 600 մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատար պետք է թույլատրվի մուտք գործել Գազայի հատված՝ բնակիչների սննդի, հիմնական անհրաժեշտության, վառելիքի և դեղորայքի նվազագույն կարիքները բավարարելու համար։
Ավելի վաղ ՄԱԿ-ն Իսրայելին կոչ էր արել միջոցներ ձեռնարկել Գազայում սովը վերացնելու համար։ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բանակցություններ է վարում պաղեստինցիներին Գազայից Հարավային Սուդան վերաբնակեցման հնարավորության շուրջ:





































