Գազայի առողջապահության նախարարությունը վերջին 24 ժամվա ընթացքում պաղեստինյան անկլավում սովի պատճառով ութ մահվան դեպք է գրանցել, մահացածների ընդհանուր թիվը հասել է 235-ի, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով գերատեսչությանը։
«Այսպիսով, սովի և թերսնման պատճառով մահացածների ընդհանուր թիվը հասել է 235-ի, այդ թվում՝ 106 երեխա»,- հայտնել է Առողջապահության նախարարությունը։
Գերատեսչության վերջին տվյալների համաձայն՝ անկլավում 2023 թվականի հոկտեմբերից ի վեր հակամարտության զոհերի ընդհանուր թիվը հասել է 61,722-ի, ավելի քան 154 հազար մարդ վիրավորվել է։
Այսօր ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բանակցություններ է վարում պաղեստինցիներին Գազայից Հարավային Սուդան վերաբնակեցման հնարավորության շուրջ:
Գազայում պատերազմը սկսվել էր 2023թ. հոկտեմբերի 7-ին: 2025թ. հունվարի 15-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը փուլային համաձայնության էին եկել պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Մարտի 18-ի լույս 19-ի գիշերը, սակայն, Իսրայելը վերսկսել էր հարվածները:
Իսրայելի կառավարությունը շարունակում է Գազայի մասնակի շրջափակումը և ռազմական գործողությունները ՀԱՄԱՍ-ի դեմ՝ պահանջելով ազատ արձակել բոլոր պատանդներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







