Ռուսաստանի համար «լուրջ հետևանքներ» կլինեն, եթե օգոստոսի 15-ին Ալյասկայում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովում Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք չբերվի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Այո, կլինեն։ Հետևանքները լուրջ կլինեն», — ասել է Թրամփը Վաշինգտոնում Ջոն Քենեդիի անվան կատարողական արվեստների կենտրոն այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում։
Ամերիկացի առաջնորդը, սակայն, չի մանրամասնել, թե ինչ «լուրջ հետևանքների» մասին է խոսքը։
Թրամփը նաև հայտարարել է, որ ակնկալում է հնարավորինս շուտ եռակողմ գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ, եթե Ալյասկայում ՌԴ նապագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը նորմալ անցնի։
«Եթե առաջին [հանդիպումը] լավ անցնի, մենք արագ կունենանք երկրորդը։ Ես կցանկանայի դա անել գրեթե անմիջապես։ Եվ մենք կունենանք երկրորդ հանդիպում նախագահ Պուտինի, նախագահ Զելենսկու և իմ միջև, եթե նրանք ցանկանան, որ ես այնտեղ լինեմ», — ասել է նա։
Թրամփի և Պուտինի միջև բանակցությունները տեղի կունենան օգոստոսի 15-ին Ալյասկայի Անքորիջ քաղաքում։ Օգոստոսի 12-ին լրատվամիջոցները հայտնել էին, որ այդ հանդիպման համար Ալյասկայի օդային տարածքը կփակվի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







