ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կկարողանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար, այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Միևնույն ժամանակ, ամերիկացի առաջնորդը խոստովանել է, որ նման բանակցային գործընթացը կարող է տեղի ունենալ առանց իր ներկայության:
«Ես կասեմ հետևյալը. ի վերջո, ես կապահովեմ, որ նրանք երկուսն էլ հայտնվեն նույն սենյակում»,- ասել է Թրամփը՝ նկատի ունենալով Պուտինին և Զելենսկուն։
Նախագահը չի բացառել, որ օգոստոսի 15-ին Ալյասկայում նախատեսված Պուտինի հետ հանդիպումը կարող է կառուցողական լինել ուկրաինական կարգավորման առումով։ «Ես անհամբեր սպասում եմ Պուտինի հետ հանդիպմանը, որը, կարծում եմ, լավ կլինի։ Բայց այն կարող է նաև վատ լինել»,- ասել է Թրամփը։
Թրամփն Ուկրաինայում հակամարտության բռնկման պատասխանատվությունը բարդել է ԱՄՆ նախկին նախագահ, դեմոկրատ Ջո Բայդենի վրա։ «Տեսեք, սա Ջո Բայդենի պատերազմն է։ Սա իմ պատերազմը չէ»,- ասել է Թրամփը։
Մայիսի 16-ին Ռուսաստանն ու Ուկրաինան Ստամբուլում անցկացրել էին 2022 թվականից ի վեր առաջին ուղիղ բանակցությունները՝ պայմանավորվելով գերիների փոխանակման և բանակցությունները շարունակելու մասին։ Երկրորդ փուլի արդյունքներով, որը տեղի էր ունեցել հունիսի 2-ին, Մոսկվան և Կիևը պայմանավորվել էին զոհված ուկրաինացի զինվորականների մարմինները հանձնելու, ծանր վիրավորում ստացած զինվորականների և 18-25 տարեկան գերիներին փոխանակելու շուրջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







