Իսրայելական հարվածի հետևանքով «Ալ Ջազիրա»-ի հինգ լրագրող է սպանվել Գազա քաղաքի «Ալ-Շիվա» հիվանդանոցի մոտ, հայտնել է հեռուստաալիքը։
Լրագրողներ Անաս ալ-Շարիֆն ու Մոհամմեդ Քրեյքեն, ինչպես նաև օպերատորներ Իբրահիմ Զահերը, Մոհամմեդ Նուֆալը և Մոամեն Ալիվան գտնվել են լրագրողների համար նախատեսված վրանում՝ հիվանդանոցի գլխավոր մուտքի մոտ, երբ այն հարվածի է ենթարկվել։
Կիրակի օրը տեղի ունեցած այս «թիրախային սպանությունը» հեռուստաալիքը որակել է որպես «լրատվամիջոցների ազատության նկատմամբ հերթական բացահայտ և կանխամտածված հարձակում»։
Հարվածից քիչ անց Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ թիրախավորել է Անաս ալ-Շարիֆին՝ «Տելեգրամ»-ում գրելով, թե նա «ծառայել է ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական մասի ղեկավար»։ ՊԲ-ն չի հիշատակել մյուս զոհերի մասին:
Հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մոհամմեդ Մոավադը BBC-ին ասել է, որ ալ-Շարիֆը կրեդիտավորված լրագրող էր, որը «աշխարհին պատմող միակ ձայնն» էր Գազայի հատվածում կատարվողի մասին։
Պատերազմի ողջ ընթացքում Իսրայելը միջազգային լրագրողներին չի թույլատրել ազատորեն մուտք գործել Գազա այնտեղից լուսաբանելու համար։ Այդ պատճառով բազմաթիվ լրատվամիջոցներ ապավինում են տեղացի լրագրողների աշխատանքին։
Իսրայելն օգոստոսի 8-ին հաստատել էր Գազա քաղաքի վերահսկողության հաստատման ծրագիրը։ Այստեղ ռազմական գործողությունները շարունակվում են 2023-ի հոկտեմբերից:






































