Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավարի տեղակալը կմեկնի Թեհրան՝ բանակցություններ վարելու, սակայն միջուկային օբյեկտներ այցելությունները օրակարգի մաս չեն կազմի, հայտնել է Press TV-ն։
Արաղչին ասել է, որ ՄԱԿ-ի միջուկային գործակալության պաշտոնական այցի ընթացքում կողմերը նախատեսում են բանակցություններ վարել Իրան-ԱԷՄԳ համագործակցության նոր շրջանակի շուրջ։
«Որևէ ստուգման ծրագիր չկա։ Մենք դեռևս համաձայնության չենք եկել նոր շրջանակի վերաբերյալ, և մինչև այս նոր շրջանակին չհասնենք, որևէ համագործակցություն չի սկսվի»,- հավելել է նա։
Իսրայելի հետ 12-օրյա պատերազմից հետո, երբ Թել Ավիվը և ԱՄՆ-ն հարվածել էին Իրանի հիմնական միջուկային օբյեկտներին, Թեհրանը կասեցրել էր համագործակցությունն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ-ի) հետ, ինչի արդյունքում տեսուչները հեռացվել էին Իրանից։





































