Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում դատապարտել են Ուկրաինայում գտնվող ադրբեջանական օբյեկտների վրա Ռուսաստանի կողմից հասցված ավիահարվածները։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ կողմերը «դատապարտել են Ռուսաստանի կողմից ադրբեջանական SOCAR ընկերության նավթամբարի և Ադրբեջանի այլ օբյեկտների վրա իրականացված նպատակային ավիահարվածները»։ Նշվում է, որ Ալիևը և Զելենսկին վստահություն են հայտնել, որ դա «ոչ մի դեպքում» չի հանգեցնի երկու երկրների միջև էներգետիկ ոլորտում համագործակցության դադարեցմանը։
Օգոստոսի 6-ին Կիևը հայտնել է, որ Ռուսաստանը հարվածել է Օդեսայի մարզում գտնվող կոմպրեսորային կայանին, որի միջոցով մատակարարվում են ադրբեջանական գազի փորձնական ծավալներ։ Օգոստոսի 8-ին ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են, որ Ռուսաստանը հարվածել է Օդեսայի մարզում գտնվող ադրբեջանական պետական SOCAR նավթային ընկերության նավթամբարին։
Գազալցակայանի և նավթամբարի վրա հարվածները կատարվել են Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների շարունակական վատթարացման ֆոնին։ Հուլիսի վերջին «Ուկրաինայի Նաֆտոգազի» ղեկավարը հայտարարել է ադրբեջանական բնական գազի պատմության մեջ առաջին գնման մասին։ SOCAR-ի հետ պայմանագիրը կնքվել է Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման դադարեցման ֆոնին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







