ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային կարգավորումը, հավանաբար, չի բավարարի կողմերից որևէ մեկին, և որ ցանկացած խաղաղության համաձայնագիր, հավանաբար, «դժգոհ» կթողնի և՛ Մոսկվային, և՛ Կիևին, հայտնել է Reuters-ը։
Նա ասել է, որ ԱՄՆ-ն ձգտում է այնպիսի կարգավորման, որը երկու երկրներն էլ կարող են ընդունելի համարել։
«Դա ոչ մեկին չափազանց երջանիկ չի դարձնի։ Ե՛վ ռուսները, և՛ ուկրաինացիները, հավանաբար, օրվա վերջում դժգոհ կլինեն դրանից»,- ասել է նա։
Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 15-ին։
Ավելի վաղ The New York Times-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Թրամփը նախատեսում է հաջորդ շաբաթ անձնական հանդիպում ունենալ Պուտինի հետ, իսկ դրանից անմիջապես հետո՝ եռակողմ հանդիպում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ։
ՌԴ նախագահը օգոստոսի 6-ին Կրեմլում ընդունել էր ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆին: Վերջինս բանակցություններն արդյունավետ էր որակել:






































