Իրանը համաձայնության է եկել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ, հաղորդում է Tasnim-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Նշվում է, որ կողմերն սկզբունքային համաձայնության են եկել բանակցությունները վերսկսելու վերաբերյալ, սակայն դրանց անցկացման ժամկետներն ու վայրը մնում են քննարկման առարկա։
Ավելի վաղ Axios-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները համաձայնության են եկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, եթե մինչև օգոստոսի վերջ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիր չլինի։
2025 թվականի գարնանը Վաշինգտոնը և Թեհրանը միջուկային ծրագրի վերաբերյալ անուղղակի բանակցությունների հինգ փուլ էին անցկացրել։ Վեցերորդ փուլը չեղարկվել էր հունիսի 13-ին՝ Իրանի դեմ Իսրայելի գործողությունների սկսվելուց հետո։ Հուլիսի սկզբին Իրանը դադարեցրել էր համագործակցությունն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







