Մոսկվայի և Պեկինի երկկողմ հարաբերությունների զարգացումը հանուն երկու երկրների ժողովուրդների բարօրության է և ոչ թե ի վնաս երրորդ կողմի, Կրեմլում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նախ բանակցություններ են կայացել նեղ կազմով, ապա ընդլայնված՝ պատվիրակությունների մասնակցությամբ:
Պուտինը հայտարարել է էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի և Չինաստանի նոր նախաձեռնությունների մասին, նաև հայտնել, որ Ռուսաստանը դարձել է չինական ավտոմեքենաների գլխավոր ներկրողն աշխարհում:
ՌԴ նախագահը շեշտել է, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշները դեռևս «սահման չեն»՝ դրական առևտրային դինամիկան պահպանելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Նա նշել է, որ էներգետիկան Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունների շարժիչ ուժն է, և այս ոլորտում նոր համատեղ նախաձեռնություններ են սպասվում։
Պուտինը հայտարարել է նաև Ռուսաստանի և Չինաստանի միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության համաձայնագրի կնքման մասին։





































