Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է դադարեցնել մարտական գործողություններն Ուկրաինայի ներկայիս առաջնագծում, հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հրատարակության տվյալներով՝ սա արվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համաձայնության հասնելու ջանքերի շրջանակներում։
«Աշխատանքն ինտենսիվ է։ Մենք բանակցություններ ենք վարում ամերիկացիների հետ։ Աշխատանքը բարդ է և ժամանակատար, ուստի դժվար է անհապաղ արդյունքներ ակնկալել, և դա հրապարակայնորեն չի կարող արվել»,- հրատարակությանն ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Բացի այդ, Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիտկոֆի հետ Պուտինի հանդիպումից հետո ԱՄՆ-ն առաջ է քաշել Ղրիմի՝ Ռուսաստանին պատկանելու գաղափարներ, հայտնում են աղբյուրները։ ԱՄՆ-ն պաշտպանում է նաև «առնվազն Կրեմլի կողմից չորս շրջանների տարածքների նկատմամբ փաստացի վերահսկողության ճանաչումը»։
Ըստ The Washington Post-ի՝ Միացյալ Նահանգներն ապրիլի 23-ին Լոնդոնում կայանալիք հանդիպման ժամանակ Ուկրաինային և եվրոպական երկրներին կառաջարկի ճանաչել Ղրիմը որպես ռուսական տարածք և սառեցնել ներկայիս առաջնագիծը՝ որպես խաղաղության համաձայնագրի մաս։
Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացը մեկնարկել էր ՌԴ և ԱՄՆ նախագահների միջև փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցից հետո։
Մարտի 12-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ռուսաստանին կոչ էր արել 30-օրյա հրադադար հաստատել Ուկրաինայում։ Մարտի 11-ին Կիևը համաձայնել էր ընդունել ժամանակավոր հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը: Մոսկվան համաձայնել էր ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին այն պայմանով, որ դրանք պետք է հանգեցնեն երկարաժամկետ խաղաղության:
Ապրիլի 10-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն Ստամբուլում բանակցությունների ժամանակ համաձայնության են եկել մշակել «ճանապարհային քարտեզ»՝ ամերիկյան իշխանությունների կողմից բռնագրավված վեց ռուսական դիվանագիտական օբյեկտները վերադարձնելու համար։ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ Ստամբուլի բանակցությունները «կառուցողական» էին։
Ապրիլի 22-ին հայտնի էր դարձել, որ բանագնաց Ուիտկոֆն այդ շաբաթվա ընթացքում կժամանի Մոսկվա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







