Թուրքիան արգելափակել է Իսրայելի մասնակցությունը ՆԱՏՕ-ի տարեկան զորավարժությանը, հայտնում է Ermenihaber.am-ը՝ հղում անելով Իսրայելի արտգործնախարարության աղբյուրներին։
Թուրքիան, մասնավորապես, խոչընդոտել է Իսրայելի մասնակցությունը ՆԱՏՕ-ի «Կայունություն և արտակարգ իրավիճակների պատրաստվածություն» խորագրով տարեկան զորավարժությանը։
Նշվում է, որ ՆԱՏՕ-ի որոշումները սովորաբար կոնսենսուս են պահանջում, և առանց Իսրայելի հետ ակտիվ գործընկերային համաձայնագրի՝ հնարավոր չէ Թուրքիային պարտադրել թույլ տալ Իսրայելի մասնակցությունը դաշինքի պաշտոնական գործունեությանը։
Իսրայելի պաշտոնական շրջանակները Թուրքիային մեղադրել են վետոյի իրավունքը որպես քաղաքական գործիք օգտագործելու մեջ։
Հրապարակման մեջ նաև նշվում է, որ Գազայի պատերազմից ի վեր Թուրքիան մշտապես խոչընդոտել է ՆԱՏՕ-Իսրայել համագործակցությանը և պնդել, որ դաշինքը չպետք է համագործակցի Իսրայելի հետ, քանի դեռ հակամարտությունը շարունակվում է։ Նախկինում Անկարան փորձել էր անգամ կանխել Իսրայելի՝ ՆԱՏՕ-ում դիտորդի կարգավիճակ ձեռք բերելու փորձերը։