ԱՄՆ ներգաղթի և մաքսային վերահսկողության ծառայությունն (ICE) ուղղել է անօրինական ներգաղթյալների կացարանների գերբնակեցման խնդիրն ու պատրաստ է նոր ձերբակալություններ իրականացնել, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։
«Այս մասին ստացվել են հաղորդագրություններ, բայց մենք անընդհատ մարդկանց հետ ենք տանում Մեքսիկա, վտարում մեր երկրից և վերադարձնում իրենց հայրենիք, ուստի տեղ կա»,- ասել է նա CNN-ին տված հարցազրույցում։
Axios-ը փետրվարի 6-ին հայտնել էր, որ ԱՄՆ ներգաղթի և մաքսային վերահսկողության ծառայությունն ստիպված էր ազատել 461 ներգաղթյալի, մասամբ՝ կալանավայրերում տեղ չունենալու պատճառով: NBC հեռուստաընկերությունն, իր հերթին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չեն գոհացնում ICE-ի ցուցանիշները, որը, նրա կարծիքով, քիչ անօրինական ներգաղթյալների է արտաքսում։ Թրամփի դժգոհության մասին արդեն ծանուցվել են Նոյեմն ու Թոմաս Հոմանը՝ սահմանային անվտանգության ու արտաքսման պատասխանատուն։
ԱՄՆ 47-րդ նախագահի պաշտոնում իր երդմնակալության օրը Թրամփը մի շարք հրամանագրեր էր ստորագրել, որոնք ուղղված են ներգաղթի քաղաքականության խստացմանը, այդ թվում՝ ԱՄՆ-ում ծնված միգրանտների երեխաներին քաղաքացիություն տրամադրելու արգելքին: Ավելի ուշ դաշնային դատարանը 14 օրով արգելափակել էր հրամանագիրը՝ որոշումն անվանելով «հակասահմանադրական»։
Թրամփը նաև հրամանագրեր էր ստորագրել Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի հարավային սահմանին արտակարգ դրություն սահմանելու մասին՝ կարգադրելով լրացուցիչ զորքեր տեղափոխել այդ շրջան։ Նա սպառնացել էր արտաքսել «հանցավոր ապօրինի ներգաղթյալներին»։
Հունվարի 29-ին ԱՄՆ ներգաղթի և մաքսային ոստիկանության զեկույցից հայտնի էր դարձել, որ ապօրինի ներգաղթյալների դեմ Թրամփի քաղաքականության շրջանակներում Հայաստանի շուրջ 2808 քաղաքացի կարտաքսվի։