Ռուսաստանին սահմանակից Ադրբեջանի տարածքում իրականացվում են համապարփակ օպերատիվ-որոնողական և կանխարգելիչ միջոցառումներ՝ «Սահման-վահան» ծածկանունով, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Դրանք կացնկացվեն փետրվարի 3-10-ը։
Նշվում է, որ գործողությունների հիմնական նպատակն է սահմանային համագործակցության հարցերի վերաբերյալ ընդունված որոշումների իրականացումը, անդրազգային կազմակերպված հանցավոր խմբավորումների և ահաբեկչական կազմակերպությունների անդամների բացահայտումն ու վնասազերծումը, ինչպես նաև համապարփակ կազմակերպչական և գործնական միջոցառումների իրականացումը զենքի, պայթուցիկ նյութերի, թմրամիջոցների ուղիները բացահայտելու համար:
Այսօր ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ բացահայտվել է «Անտառային եղբայրներ» ահաբեկչական խմբավորման գործունեությունը, որի ներկայացուցիչները «ահաբեկչական գործողություններ են նախապատրաստել Գուսար շրջանի տարածքում, ստորգետնյա կացարաններ են ստեղծել այս շրջանի Խիլ, Ջիբիր և Յասաբ գյուղերը ընդգրկող անտառային տարածքում, այդ ապաստարանները համալրել զենքով, զինամթերքով, պայթուցիկներով, տեխնիկական սարքերով և այլ անհրաժեշտ միջոցներով»։ Ադրբեջանի իշխանությունները հայտնել են գործողության ընթացքում խմբավորման յոթ անդամների ոչնչացման և ևս վեց անձի ձերբակալության մասին։ Ենթադրվում է, որ նրանք ահաբեկչություններ էին նախապատրաստում Ադրբեջանի հյուսիսային շրջաններում։