Վրաստանի իրավապահները Թբիլիսիի մուտքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալել են մի քանի ընդդիմադիրների, որոնց թվում են «Կոալիցիա հանուն փոփոխությունների» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան և «Եվրոպական Վրաստան» քաղաքական ուժի անդամ Գիգի Ուգուլավան, – հայտնել է ՌԻԱ Նովոստին։
Կայքը նշել է, որ ավելի վաղ ընդդիմադիր քաղաքացիները հավաքվել են Թբիլիսիի մուտքի մոտ և փորձել մասնակի փակել մայրուղին։ Ոստիկանությունը նրանց թույլ չի տվել դա անել, ինչից հետո սկսվել են ձերբակալություններ։ Վրաստանի ՆԳՆ-ն դեռևս պաշտոնական հայտարարություն չի արել ձերբակալվածների թվի վերաբերյալ։
Քաղաքացիները պահանջում են երկրում նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել և ազատ արձակել բողոքի ակցիաների ժամանակ բերման ենթարկվածներին։
Թբիլիսիում բողոքի ցույցերն սկսվել էին նոյեմբերի 29-ին, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ Վրաստանի իշխանությունները ԵՄ-ի հետ բանակցություններ սկսելու հարցը չեն բարձրացնի մինչև 2028 թվականը։