Coca-Cola-ի բելգիական ստորաբաժանումը Եվրոպայում իրականացնում է իր արտադրանքի զանգվածային հետկանչ՝ թունավոր քլորատների չափազանց մեծ քանակության պատճառով, հայտնել է Le Monde-ը։
«Գենտի մեր արտադրամասում մենք թեստեր ենք իրականացնում՝ որպես մեր հսկողության ընթացակարգերի և կարգավորող պահանջներին համապատասխանության մաս: Այս թեստերը ցույց են տվել քլորատների բարձր մակարդակ»,- ասել են ընկերությունում:
Հետկանչը վերաբերում է Coca-Cola-ի, Sprite-ի, Fanta-ի, Fuze Tea-ի, Minute Maid-ի, Nalu-ի, Royal Bliss-ի և Tropico-ի ապակե և պլաստմասե տարաներով ըմպելիքներին, որոնք շրջանառության մեջ էին 2024 թվականի նոյեմբերից: Բացի Բելգիայից, ապրանքը վաճառվել է Նիդերլանդներում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում և Լյուքսեմբուրգում։
«Հստակ թվեր չունենք, բայց պարզ է, որ դա նշանակալի ցուցանիշ է։ Ապրանքների մեծ մասն այլևս հասանելի չէ խանութներում, և մենք շարունակում ենք քայլեր ձեռնարկել դրանք շուկայից հանելու ուղղությամբ»,- Agence France-Presse-ին հայտնել են Coca-Cola-ի բելգիական ստորաբաժանումից։
Ընկերությունը ներողություն է խնդրել և հորդորել չօգտագործել այս ապրանքը՝ խոստանալով վերադարձնել դրա դիմաց գումարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







