Ղազախստանի Հանրապետության նախագահը ապրիլի 14-ին ստորագրել է հրամանագիր, ըստ որի ՂՀ տարածքում հայտարարված արտակարգ դրությունը գործելու է մինչև մայիսի 1-ը ժամը 07։00-ը ՂՀ բնակչության անվտանգության ապահովման և նոր տիպի կորոնավիրուսի համավարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Ղազախստանում ՀՀ դեսպանությունը։
Նշվում է, որ ՂՀ տարածք մուտք գործելու վերաբերյալ ներկայիս սահմանափակումները օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների համար շարունակելու են գործել մինչև արտակարգ դրության ավարտը։ Նուր-Սուլթան քաղաքում գործող կարանտինը շարունակվելու է մինչև արտակարգ դրության ավարտը։ ՂՀ-ում ՀՀ դեսպանությունը մարտի 15-ին հանդես էր եկել սահմանափակումների մասին հայտարարությամբ։
« ՂՀ-ում ՀՀ դեսպանությունը, ի լրումն մարտի 19-ի իր հայտարարությանը և հաշվի առնելով ՂՀ տարածքում մինչև մայիսի 1-ը հայտարարված արտակարգ դրությունը, Նուր-Սուլթան քաղաքում հայտարարված կարանտինը և ՀՀ քաղաքացիներին ռիսկային շփումներից պաշտպանելու անհրաժեշտությունը, հայտնում է, որ մինչև մայիսի 1-ը ՂՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատանքները ժամանակավորապես շարունակելու են իրականացվել միայն հեռախոսով և էլեկտրոնային փոստի ([email protected]) միջոցով: Հիշեցնում ենք, որ ներկայացված փոփոխությունները միտված են քաղաքացիների առողջության պահպանությանը և գործելու են մինչ նոր ծանուցում»,- նշվում է հայտարարության մեջ։
Դեսպանությունը Ղազախստանում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում ստեղծված պայմաններում և այս ժամանակահատվածում հայրենիք վերադառնալու անհնարինության պայմաններում հետևել Ղազախստանում նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի համար իշխանությունների կողմից տրվող հրահանգներին և իրականացվող միջոցառումներին։
«ՀՀ դեսպանությունում գործում է շուրջօրյա թեժ գիծ՝ +7 778 229 1881 հեռախոսահամարով, որը հասանելի է նաև WhatsApp հավելվածով»,- ասվում է հայտարարության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







