Կրասնոյարսկի դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել 64-ամյա թոշակառուին, ով պատվիրել է իր 67-ամյա ընկերուհու սպանությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
2023 թվականի մարտին 67-ամյա Նատալյա Կուզմինան անհետացել էր Կրասնոյարսկում, իսկ երկու շաբաթ անց նրա մարմինը հայտնաբերվել էր Իրկուտսկի մարզում։ Բերման էր ենթարկվել Կրասնոյարսկի 44-ամյա մի բնակիչԼ Քննությունը պարզել է նրա ընկերուհու մասնակցությունն սպանությանը։
Ըստ լրատվականի՝ նա մեղավոր է ճանաչվել ավազակային հարձակման համար պատվիրված սպանություն կազմակերպելու մեջ։ Գործը քննվել է երդվյալ ատենակալների կողմից, որոնք միաձայն նրան մեղավոր են ճանաչել: Ինքը, սակայն, չի ընդունել մեղքը։
Դատարանը պարզել է, որ ամբաստանյալն իր ընկերուհուն ավելի քան 200 հազար ռուբլի էր պարտք։ Այն չվերադարձնելու, ինչպես նաև տուժողի ունեցվածքը հափշտակելու նպատակով կազմակերպել է ավազակային հարձակում և սպանություն: Վարձու տղամարդը հանդիպել է տուժողին, շահել նրա վստահությունը, մի քանի անգամ այցելել նրան տուն և ամառանոց, օգնել տնային գործերում։ Մի օր նա հարձակվել է կնոջ վրա, մետաղական առարկայով հարվածելով սպանել և թաքցրել մարմինը։ Ապա մտել է նրա բնակարան և հափշտակել արժույթ և ավտոմեքենա։ Վնասի չափը գնահատվում է ավելի քան 6 միլիոն ռուբլի։
Սպանության հեղինակը նախկինում դատապարտվել էր 13 տարվա ազատազրկման՝ մեկ տարի ազատության սահմանափակմամբ։