Լոս Անջելեսում, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, ապրիլի 24-ին նախատեսված Հայոց ցեղասպանության բոլոր միջոցառումները չեղարկվել են։ Այս մասին հայտարարությամբ են հանդես եկել Լոս Անջելեսի Միացյալ Մարմինը, Միացյալ Հայ Երիտասարդները և Հայոց Ցեղասպանության Հանձնախումբը, փոխանցում է Asbarez-ը:
Միջոցառումների շրջանակներում նախատեսվում էր ուխտագնացություն դեպի Մոնթեբելլոյի Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, քայլարշավ Հոլիվուդի Փոքր Հայաստան (Little Armenia) թաղամասում և բողոքի ցույց Լոս Անջելոսի Թուրքական հյուպատոսության առջև:
Վերոհիշյալ կազմակերպությունները նման որոշում են կայացրել՝ ելնելով ոչ միայն Լոս Անջելեսի բնակիչների և աշխարհի կողքին կանգնելու բարոյական պատասխանատվությունից, այլ նաև հետևելով տեղական իշխանությունների առողջապահական կանոնակարգին, որոնք ստեղծվել են կորոնավիրուսի տարածումը մեղմելու և կյանքեր փրկելու համար:
«Մենք շարունակում ենք մնալ հավատարիմ Հայ Դատի պահանջներին և շարունակելու ենք մեր աշխատանքները՝ ուղղված Հայոց Ցեղասպանության արդար լուծորոշմանը՝ պահանջելով Ցեղասպանության ճանաչում Թուրքիայի կառավարությունից, ինչպես նաև արդար փոխհատուցում: Թեպետ այս տարի մենք չենք կարողանալու երթի դուրս գալ և արդարություն պահանջել ապրիլի 24-ին, մենք գիտակցում ենք, որ մեր միասնական աշխատանքները պետք է տարվեն ամբողջ տարի շարունակ: Մեր աշխատանքը կշարունակվի: Մենք կշարունակենք լինել միասնական և մեր ձայնը լսելի կդարձնենք 20-րդ դարի առաջին ցեղասպանության մեր 1,5 միլիոն նահատակների համար: Առաջիկա օրերին մենք կհայտարարենք ոգեկոչման այլ ծրագրերի մասին, որոնք կփոխարինեն ավանդական հավաքներին»,- ասված է հայտարարության մեջ։
Կազմակերպությունները շնորհակալություն են հայտնել ԱՄՆ-ի Սենատին և Ներկայացուցիչների տանը ճշմարտությունը և արդարությունը վերահաստատելու և Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու համար:
«Շնորհակալ ենք նրանց իրենց անկոտրում աշխատանքների համար այս անորոշ և դժվար ժամանակներում: Հուսով ենք և աղոթում ենք, որ այս համաճարակը շուտով կվերջանա ու մեր բոլոր համայնքները է՛լ ավելի կհզորանան այս ամենից հետո: Միացյալ այս հանձնախումբը ձեզ մաղթում է ամենայն բարիք: Մնացեք միշտ առողջ և ապահով»,- ասված է հայտարարության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







