Լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումը հաստատել է սեպտեմբերի 24-ին Իսրայելի հարվածների հետևանքով զինվորական առաջնորդ Իբրահիմ Քուբեյսիի մահը, հայտնում է շարժման Տելեգրամ ալիքը։
Քուբեյսիի և հրթիռային ստորաբաժանման մի քանի բարձրաստիճան անդամների սպանության մասին ավելի վաղ հայտնել էր Իսրայելի պաշտպանության բանակը (IDF): «Հեզբոլլահի» զեկույցում չի նշվում հրթիռային ստորաբաժանման այլ մարտիկների մահվան մասին:
Իսրայելի զանգվածային ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է մոտ 560-ի:
Իսրայելը սեպտեմբերի 23-ի առավոտյան հարվածներ էր հասցրել Լիբանանում գործող «Հեզբոլլահ» շիական խմբավորման օբյեկտներին: Նույն օրն Իսրայելը ռազմական գործողություն էր սկսել։ Իսրայելն ու «Հեզբոլլահը» սեպտեմբերի 22-ին ծանր հարվածներ էին հասցրել միմյանց։
Սեպտեմբերի 20-ին իսրայելական բանակը հայտարարել էր, որ Լիբանանի հարավում խոցել է «Հեզբոլլահի» ավելի քան 100 արձակման կայաններ և թիրախներ։ Սեպտեմբերի 20-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Բեյրութի արվարձաններին, ինչի հետևանքով զոհվել էր 45 մարդ։ «Հեզբոլլահ»-ը հայտնել էր, որ հարվածի հետևանքով սպանվել էր խմբավորման 16 անդամ, այդ թվում՝ հրամանատարներ Իբրահիմ Աքիլը և Ահմեդ Վահբին:
Սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանում տարբեր էլեկտրոնային սարքերի, այդ թվում՝ «Հեզբոլլահի» կողմից հաղորդակցության համար օգտագործվող փեյջերների մի շարք պայթյունների հետևանքով զոհվել էր 37 անձ և վիրավորվել մոտ 3400-ը: Խմբավորումը և լիբանանյան իշխանությունները հարձակումների համար մեղադրել էին Իսրայելին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







