Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան սպանվել է նրա նստավայրի վրա արձակված արկից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով IRNA-ին:
ԻՀՊԿ-ն պնդում է, որ գործողությունն իրականացվել է մոտ յոթ կիլոգրամանոց մարտագլխիկով կարճ հեռահարության արկի կիրառմամբ, որն ուղեկցվել է ուժեղ պայթյունով։
«Հատուկ գործողությունը մշակվել և իրականացվել է Իսրայելի կողմից՝ ԱՄՆ-ի աջակցությամբ»,- ընդգծվում է հայտարարության մեջ։
Հուլիսի 31-ին Հանիան և իր թիկնապահներից մեկը զոհվել էին Թեհրանում իրենց նստավայրի գնդակոծության հետևանքով: Հանիան Թեհրան էր ժամանել Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար: ՀԱՄԱՍ-ում հաստատել են, որ Հանիան սպանվել է իսրայելական հարվածի հետևանքով։ Հանիայի մահից հետո Իրանի Ղոմ քաղաքի Ջամքարան մզկիթի գմբեթի վրա վրեժխնդրության կարմիր դրոշ էին բարձրացրել։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Հանիայի մահից հետո հայտարարել էր, որ երկիրը կպաշտպանի իր ինքնիշխանությունը և ահաբեկիչներին կստիպի զղջալ արարքի համար։
Հուլիսի 31-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ իսրայելական հարձակման հետևանքով սպանվել է «Հեզբոլլահի» հրամանատար Ֆուադ Շուքերը, որին մեղադրում էին հուլիսի 27-ին Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքներում գտնվող դրուզական Մաջդալ Շամս բնակավայրի հրթիռակոծման համար։ Տարածաշրջանում լարվածությունը սրվել էր բնակավայրի հրթիռակոծությունից հետո, որի հետևանքով զոհվել էր 12 երեխա և դեռահաս:
2023-ի հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտնել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի նախագահ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը կպատերազմի ՀԱՄԱՍ-ի դեմ մինչև վերջնական հաղթանակ։ Euronews-ը, հղում անելով Գազայի առողջապահության նախարարությանը, հուլիսի 31-ին հայտնել էր, որ 2023-ի հոկտեմբերի 7-ից ի վեր ավելի քան 40 000 պաղեստինցի է սպանվել և շուրջ 84 700-ը վիրավորվել են իսրայելական գործողության հետևանքով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







