Նամիբիայում պատրաստվում են սնկով տներ կառուցել՝ բնակարանների պակասը բարելավելու համար, հայտնում է «Правил жизни»-ն։
Երկրի բնակչությունը կազմում է մոտ 2,7 միլիոն մարդ, ովքեր առնվազն կես միլիոն նոր տան հրատապ կարիք ունեն։ Համաձայն 2016 թվականի տվյալների՝ տնային տնտեսությունների գրեթե 90%-ը վաստակում էր ամսական 144 դոլարից պակաս, ինչի պատճառով շատ մարդիկ ի վիճակի չեն եղել բնակարան ձեռք բերելու։
Բնակարանային ճգնաժամի պատճառով ամեն հինգերորդ նամիբիացին ապրում է ժամանակավոր տանը, որը պատրաստված է թափոններից և ցինկի թիթեղներից:
MycoHab հետազոտական խումբն առաջարկել է ոստրե սունկ աճեցնել մոլախոտ թփերի վրա։ Սնկերը կսեղմվեն սալիկների մեջ, որոնք էլ կարող են օգտագործվել տներ կառուցելու համար: Հետազոտական խումբը նշել է, որ սնկի սալիկներն ավելի ծանր են, քան ստանդարտ աղյուսները, մինչդեռ դրանցից տներ կառուցելն ավելի արագ է, ինչը կօգնի նվազեցնել շինարարական ծախսերը, ինչպես նաև սնկով պատրաստված տները կլինեն հրակայուն։
Փայտային թփերը Նամիբիայում զբաղեցնում են մոտ 45 միլիոն հեկտար տարածք, ինչը բացասաբար է անդրադառնում գյուղատնտեսության վրա, քանի որ մոլախոտերը դուրս են մղում խոտը և այլ բուսականությունը: Բացի այդ, այս թփերը երկրում սովորաբար օգտագործվում են փայտածուխ արտադրելու համար, որը վնասում է շրջակա միջավայրին՝ ավելացնելով ածխաթթու գազի արտանետումները: Նշվում է, որ եթե շինանյութերի համար նախատեսված սունկ աճեցնեն թփերի վրա, ապա դրանք շոշափելի օգուտ կբերեն երկրի բնակչությանը և էկոլոգիային: