ՌԴ ժողովրդական արտիստ, երգիչ, 75-ամյա Վալերի Լեոնտևը տարիքի պատճառով հեռանում է բեմից, հայտնում է «РБК»-ն:
Լեոնտևի համերգային տնօրեն Բորիս Չիգիրյովը պարզաբանել է, որ նա երկար ժամանակ բեմ դուրս չի եկել և հավելել է, որ կատարողի համար հրաժեշտի հյուրախաղեր կամ համերգներ նախատեսված չեն։
Արտիստի երաժշտական կարիերայի ավարտը բացատրվում է պատկառելի տարիքով։ «Պատճառն ակնհայտ է. նա դարձավ 75 տարեկան։ Նա բեմից հեռացել է բավականին վաղուց, պարզապես ոչ պաշտոնապես։ Նա երկար ժամանակ համերգներ չի ունեցել»,- նշել է Չիգիրյովը։
Վալերի Լեոնտևը ծնվել է 1949 թվականին՝ Կոմիի Ուստ-Ուսա գյուղում։ Սկսել է երգել դպրոցի երգչախմբում, հաճախել է դրամատիկական խմբակ, հետաքրքրվել է պարով և նկարչությամբ։
Լեոնտևը որպես երգիչ իր դեբյուտը նշել է 1971 թվականին Վորկուտայում կայացած տարածաշրջանային մրցույթում «Կառնավալ» երգով, որտեղ նա զբաղեցրել է երկրորդ տեղը: Ստեղծագործական տարիների ընթացքում Վալերի Լեոնտևը թողարկել է մոտ 30 օրիգինալ ձայնագրություն և ձայնասկավառակ: Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV (2005) և III (2022) աստիճանների, Պատվո (2009), Բարեկամության (2014) շքանշաններով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







