Եվրամիությունը դժվարանում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ մշակման գործում, գրում է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին:
Հրատարակությունը նշում է, որ նոր պատժամիջոցներ մշակելու հարցում դժվարությունը կայանում է նրանում, որ խոշորագույն կազմակերպություններն ու օբյեկտներն արդեն սահմանափակումների տակ են:
Հրատարակության զրուցակիցն ասել է, որ սահմանափակումների նոր փաթեթի մշակման ամենամեծ խնդիրը դարձել է այն փաստը, որ «բոլոր հիմնական օբյեկտները» գտնվում են պատժամիջոցների տակ։ Նա նաև ավելացրել է, որ միջուկային էներգիան կամ հեղուկ բնական գազը (LNG) մնում են պատժամիջոցների սահմաններից դուրս:
Սահմանափակումների հաջորդ փաթեթը, ինչպես գրում է Politico-ն, նախատեսվում է համաձայնեցնել մինչև Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների մեկնարկի երկրորդ տարելիցը՝ փետրվարի 24-ը։ Այն ենթադրաբար կներառի ալյումինե արտադրանքի նկատմամբ պատժամիջոցներ, որոնց արտադրության կրճատումը կազդի նաև ռուսական էներգետիկ արդյունաբերության վրա։
Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթը հաստատել էր 2023թ. հոկտեմբերին: Պատժամիջոցների այդ փաթեթի շրջանակներում եվրոպական ընկերություններից պահանջվում էր գործընկերների հետ պայմանագրերում նախատեսել մի շարք երկակի նշանակության ապրանքների Ռուսաստան վերաարտահանման արգելք։
Հունվարի 19-ին Bloomberg-ը հայտնել էր, որ Եվրամիությունն սկսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի քննարկումը։ Գործակալության տվյալներով՝ նոր պատժամիջոցների քննարկումը տեղի էր ունեցել հունվարի 17-ին եվրոպական պետությունների դեսպանների հանդիպմանը։ Աղբյուրների համաձայն՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները բաղկացած կլինեն առևտրային սահմանափակումների ուժեղացումից, սև ցուցակների ընդլայնումից և Ռուսաստանի կողմից պատժամիջոցները շրջանցելու վերահսկողության ուժեղացումից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







