Իսրայելը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Գազայի բնակիչներին տարհանել և մեղադրել է ՀԱՄԱՍ-ին մարդկանց որպես «կենդանի վահան» օգտագործելու մեջ, հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ նախազգուշացումը կապված է տարածաշրջանում ցամաքային գործողություն իրականացնելու Իսրայելի պաշտպանության բանակի պլանների հետ։
Հայտարարության մեջ Իսրայելի պաշտպանության բանակը նշել է, որ խնդրանքը հասցեագրել է Գազայի բնակիչներին վերջիններիս անվտանգության համար, քանի որ ՀԱՄԱՍ-ի գրոհայինները «թաքնվում են Գազա քաղաքում՝ թունելներում տների տակ և շենքերի ներսում, որտեղ բնակվում են անմեղ խաղաղ բնակիչներ»:
«Առաջիկա օրերին Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի ակտիվ լինել Գազա քաղաքում և կգործադրի բոլոր ջանքերը՝ խաղաղ բնակչությանը չվնասելոււ համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Իսրայելի պաշտպանության նախարարությունը և երկրի բանակը ՄԱԿ-ին ծանուցել են 24 ժամվա ընթացքում Գազա քաղաքից դեպի հարավ 1,1 միլիոն պաղեստինցիների տարհանման անհրաժեշտության մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«ՄԱԿ-ը անհնար է համարում, որ նման տեղափոխումը տեղի ունենա առանց ավերիչ հումանիտար հետևանքների», — ասվում է Դյուժարիկի հայտարարության մեջ:
Ինչպես նշում է աղբյուրը, իսրայելական տանկերը «կուտակվել են» Գազայի հատվածի մոտ՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացման համար նախատեսված ցամաքային ներխուժումից առաջ:
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով գնդակոծվել էին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել էին ՀԱՄԱՍ-ի վրա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







