Անհայտ անձինք հարձակվել են Լիբանանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Բաքուն հարձակման համար մեղադրում է «հայկական ծագմամբ անձանց», հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Բեյրութի հայ համայնքի ներկայացուցիչները հարվածել են դեսպանատան ցանկապատին, ներկով շշեր ու պայթուցիկ նյութեր նետել շենքի վրա։ Գերատեսչությունից հայտնել են, որ տուժածներ չկան։
Բաքուն բողոքի նոտա է հղել Լիբանանի ԱԳՆ-ին, դեսպանատան վարչական շենքի անվտանգությունն ուժեղացվել է, ասվում է հաղորդագրությունում։
Լիբանանի ոստիկանությունը դեպքի հետաքննության վերաբերյալ մանրամասներ չի հայտնել, ուստի հայերի մասնակցության մասին պնդում է բացառապես ադրբեջանական կողմը։
Ավելի վաղ Բեյրութի հայերը խաղաղ բողոքի ցույց էին անցկացրել ի պաշտպանություն Արցախի՝ Ադրբեջանի դեսպանատան մոտ, հայտնում է Լիբանանում ՀՅԴ երիտասարդական թևը։ Օգոստոսի 29-ին հայ համայնքի ներկայացուցիչները կարմիր ներկ էին լցրել դեսպանատան պատին և հայտարարել, որ Բաքուն ձգտում է իրականացնել Արցախի բնակչության ցեղասպանությունը։ Ակտիվիստները վանկարկել էին՝ «Ալիևը պատերազմական հանցագործ» և «120 հազար մարդու արյունը ձեր ձեռքերին է»։
Արցախը շրջափակման մեջ է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ Ադրբեջանի հյուպատոսարանի մոտ ավելի վաղ բողոքի ցույցեր էր կազմակերպել նաև Լոս Անջելեսի հայ համայնքը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







