Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը կարող է տեղի ունենալ օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ թուրքական A haber հեռուստաալիքին հղումով։
Նշվում է, որ Թուրքիայի ղեկավարը դեռ սպասում է ՌԴ նախագահի Թուրքիա ժամանելուն, սակայն չի բացառվում Էրդողանի ուղևորությունը, եթե Պուտինը չժամանի Թուրքիա։
Հեռուստաալիքը մանրամասնել է, որ Անկարան հանդիպում է սպասում «օգոստոսի վերջին-սեպտեմբերի սկզբին»։ Հրատարակության տվյալներով՝ բանակցությունների գլխավոր թեման կլինի հացահատիկի գործարքի վերսկսման հեռանկարը, որից Ռուսաստանը դուրս եկավ հուլիսի 18-ին։
Գործակալությունը նշում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները օգոստոսի 2-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվել են նախապատրաստել հնարավոր հանդիպումը։ Օգոստոսի 4-ին Էրդողանը լրագրողներին ասել է Պուտինի՝ Թուրքիա այցի հնարավորության մասին։ Նրա խոսքով, այցի ստույգ ժամկետը դեռ որոշված չէ և կհամաձայնեցվի դիվանագիտական խողովակներով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







