Ռադիոդիջեյ Ռենդի Ուիլյամսը Սան Դիեգոյից Կալիֆորնիայի անապատում հիմնել է իր սեփական նահանգը՝ Սլոուջամաստանի Հանրապետությունը։ Այն ստացել է իր անվանումը «slow jam» (դանդաղ ջեմ) ժանրի պատվին, հայտնում է CNN-ը։
Ստեղծման գաղափարն Ուիլյամսի մոտ ծագել է նրա հարուստ ճանապարհորդական փորձի պատճառով: Ամերիկացին պնդում է, որ այցելել է ՄԱԿ-ի կողմից ճանաչված բոլոր 193 երկրները, որից հետո «ցանկացել է 194-րդը»։
Սլոուջամաստանը գտնվում է գրեթե 45000 քմ մակերեսով հողամասում։ Ուիլյամսն այն գնել է 19000 դոլարով։ Պետության կայքում ասվում է, որ Սլոուջամաստանում ավելի քան 500 քաղաքացի կա, ևս 4500 մարդ սպասում է քաղաքացիություն ստանալուն: Բոլոր ցանկացողները կարող են էլեկտրոնային հայտ ներկայացնել։
Հանրապետության մայրաքաղաքը Դուբլանդիան է։ Երկիրն ունի իր ժամային գոտին և ազգային արժույթը՝ դուբլը: Ուիլյամսն իրեն հռչակել է գերագույն սուլթան և որպես քաղաքական համակարգ ընտրել բռնապետությունը։ Երկիրն ունի մի քանի օրենք։
Պատասխանելով Սլոուջամաստանի անկախության մասին լրագրողների հարցին՝ ռադիոդիջեյը կատակել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեռ չի ճանաչել հանրապետությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







