Ուկրաինայի իշխանությունները ցանկանում են, որ Եվրամիությունը հրետանային զինամթերքի մատակարարումն ավելացնի ամսական մինչև 250 հազար միավորի, ասվում է Financial Times-ի տրամադրության տակ գտնվող պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովի նամակից՝ ուղղված ԵՄ անդամ երկրների իր գործընկերներին։
Նամակում Ռեզնիկովը պնդում է, որ Ուկրաինայի զինված ուժերը արձակում են հրետանային առկա հզորությամբ արկերի առավելագույն հնարավոր քանակի միայն հինգերորդ մասը։ Նա հայտարարել է, որ Ուկրաինան ամսական արտադրում է մոտ 110 հազար 155 մմ տրամաչափի արկ։ Ռուսաստանը, նրա խոսքով, չորս անգամ ավելի շատ զինամթերք է օգտագործում։
«Եթե մենք սահմանափակված չլինեինք առկա հրետանու քանակով, կարող էինք օգտագործել զինամթերքի ամբողջ բեռնվածությունը, որը կազմում է ամսական 594000 արկ։ Մեր գնահատականներով՝ մարտական առաջադրանքների հաջող ավարտի համար նվազագույն պահանջը զինամթերքի ամբողջական բեռնվածության առնվազն 60%-ն է կամ ամսական 356400 արկ»,- մեջբերում է FT-ն Ուկրաինայի պաշտպանության նախարարության ղեկավարի նամակը։
Ըստ հրատարակության՝ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը շուտով կհայտարարի Ուկրաինային լրացուցիչ 1 մլրդ եվրո աջակցության փաթեթի մասին, որը, մասնավորապես, կներառի 155 միլիմետրանոց հրետանային արկեր։
Այնուամենայնիվ, ԵՄ որոշ դիվանագետներ FT-ին ասել են, որ պատրաստած օգնության փաթեթը համարում են անբավարար։ «Ռուսաստանն ամեն օր արձակում է այնքան արկ, որքան Եվրոպան կարող է արտադրել մեկ ամսվա ընթացքում։ Ուկրաինային ավելի շատ զինամթերք է պետք»,- ասել է հրատարակության զրուցակիցներից մեկը։
Ներքին շուկայի հարցերով ԵՄ հանձնակատար Թիերի Բրետոնը նշել է՝ ժամանակն է, որ ԵՄ տնտեսությունը անցնի պատերազմական հիմքերի՝ զենքի և զինամթերքի արտադրության անհրաժեշտ մակարդակը պահպանելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







