Շվեդիան Թուրքիային է հանձնել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամ Մահմութ Թաթին։ Նա արդեն Ստամբուլում կանգնել է դատարանի առջև, հաղորդում է թուրքական «Andolu» գործակալությունը։ Նշվում է, որ Մահմութ Թաթը նախկինում դատապարտվել էր 6 տարի 10 ամսվա ազատազրկման ՔԱԿ-ին մասնակցության համար, որը Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն է համարվում: 2015 — ին նա ապաստան ստանալու հայց է ներկայացրել Շվեդիայում՝ կապված թուրքական դատարանի հետ, սակայն մերժում է ստացել։ Գործակալության տվյալներով՝ որոշ ժամանակ առաջ նա ձերբակալվել է Շվեդիայի ոստիկանության կողմից և տեղափոխվել Մելնդալի քննչական մեկուսարան, իսկ անհրաժեշտ ընթացակարգերի ավարտից հետո ինքնաթիռով ուղարկվել է Թուրքիա։ Հունիսին Թուրքիան համաձայնել էր աջակցել ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերին Մադրիդում կայանալիք գագաթնաժողովում: Թուրքիայի նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ երկու երկրները խոստացել են չսատարել Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK), Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերին (YPG), ինչպես նաև քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի FETO շարժմանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







