Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձել է օգտագործել ՄԱԿ-ի ԳԱ ամբիոնը Հունաստանին անհիմն մեղադրանքներ ներկայացնելու համար, մինչդեռ Թուրքիան ինքը պարբերաբար խախտում է միջազգային իրավունքը: Այս մասին, TASS-ի փոխանցմամբ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Իոաննիս Իկոնոմուն։
«Պարոն Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որպես Fake news-ի տարածման հարթակ է օգտագործել։ Նա նաև դիմել է գռեհիկ քարոզչության միջոցի, որով անհիմն բողոքներ եւ անընդունելի դատողություններ Է արել Հունաստանի հասցեին։ Այդ վարքագիծը չի համապատասխանում ՄԱԿ-ի նպատակներին ևսկզբունքներին»,-ասել է նա։
Հունական «Կատիմերինի» թերթը չորեքշաբթի հաղորդել Է, որ, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, Էրդողանը հայտարարել է, թե Հունաստանը Էգեյան ծովը վերածում է «փախստականների գերեզմանոցի», մինչդեռ Թուրքիան այնտեղ փրկում է միգրանտներին, ներառյալ երեխաներին: Թուրքիայի նախագահը Աթենքին կոչ է արել «դադարեցնել Էգեյան ծովի շրջանում սադրանքների եւ լարվածության քաղաքականությունը, հրաժարվել Հունաստանում բնակվող մահմեդական, թուրքական փոքրամասնության նկատմամբ ճնշման և խտրականության քաղաքականությունից»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







