Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ուկրաինային 300 միլիոն եվրո օգնություն ուղարկելու մտադրության մասին։
«Ուկրաինան ստացել է աննախադեպ մակրոֆինանսական օգնություն՝ 1,2 միլիարդ եվրոյի չափով․ Ֆրանսիան լրացուցիչ 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինայի տնտեսության համար, և մենք պատրաստ ենք նաև շարունակել ռազմական տեխնիկայի մատակարարումները»,- ուրբաթ օրն ասել է Մակրոնը Ուկրաինայի հարցով ԵՄ արտակարգ գագաթնաժողովի արդյունքներով Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։
Երկրի ղեկավարը հայտնել է նաև ԵՄ-ի համերաշխությունը Ուկրաինային օգնություն տրամադրելու հարցում։
Բացի այդ, ինչպես նշել է Մակրոնը, Փարիզը մտադիր է սեփական պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ՝ Եվրամիության պատժամիջոցներից հետո։
«Եվրամիությունը որոշել է ուժեղ հարվածներ հասցնել, ինչը ազդում է անհատների և տնտեսության ոլորտների վրա: ԵՄ պատժամիջոցները կլրացվեն կառավարության միջոցներով»,- ասել է Մակրոնը Բրյուսելում Ուկրաինայի հարցով ԵՄ արտակարգ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Ֆրանսիայի ղեկավարը նաև պնդել է, որ Ռուսաստանն իր գործողություններով խախտում է միջազգային իրավունքի նորմերը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձում ասել էր, որ անհրաժեշտ է համարում անհապաղ ճանաչել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը, և ստորագրել է համապատասխան հրամանագրեր։ Փետրվարի 24-ի առավոտյան Պուտինը հայտարարել է Դոնբասում ռազմական գործողություն սկսելու մասին։
Դիմելով ուկրաինացի ժողովրդին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինայի վրա հարձակվել են հյուսիսից, հարավից, արևելքից, իսկ Դոնբասում զինվորականները ծանր մարտեր են մղում։ Նա ասել է, որ Ուկրաինայի իշխանությունները որոշել են խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







