ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 50 անդամներ միացել են Թուրքիային F-16 կործանիչների մատակարարումներն արգելափակելու նախաձեռնությանը և արդեն սպառազինության մեջ եղած ինքնաթիռների արդիականացման փաթեթներին: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։
Կոնգրեսականները միացել են պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին ուղղված Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեի և կոնգրեսական Գաս Բիլիրակիսի նամակին:
«Մենք խստորեն կոչ ենք անում ձեզ մերժել Թուրքիայի՝ նոր F-16-ի և արդիականացման համար նախատեսված լրակազմերի մատակարարման խնդրանքը և անհապաղ միջոցներ ձեռնարկել Էրդողանի վարչակարգին պատասխանատվության ենթարկելու համար»,- ասված է նամակում:
Ընդգծվում է, որ ԱՄՆ-ը չպետք է Թուրքիայի զինված ուժերին հետագա աջակցություն ցուցաբերի այնքան ժամանակ, քանի դեռ նախագահ Էրդողանը շոշափելի քայլեր չի ձեռնարկել երկրի ներսում և արտերկրում իր ապակայունացնող գործողություններն ու միջազգային իրավունքի խախտումները դադարեցնելու համար:
Նամակի համաձայն՝ Թուրքիայի նախագահն իր վարքագիծը չի փոխի այնքան ժամանակ, քանի դեռ Միացյալ Նահանգները չի կիրառել իր բոլոր դիվանագիտական գործիքները՝ ներառյալ տնտեսական պատժամիջոցները։
Հիշեցնենք, որ հոկտեմբերին հայտնի էր դարձել, որ Թուրքիան դիմել է ԱՄՆ-ին ամերիկյան արտադրության 40 F-16 կործանիչների գնման, ինչպես նաև այդ տիպի 80 մարտական ինքնաթիռների արդիականացման խնդրանքով, որոնք արդեն սպառազինության մեջ են:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







