Առավոտյան ժամը 08:00-ին Աբխազիայում մեկնարկել է նախագահի ընտրության քվեարկության անցկացման փուլը։
ՏԱՍՍ-ը հայտնում է, որ երկրի նախագահի պաշտոնին հավակնում են 9 թեկնածուներ, որոնց թվում է գործող նախագահ Ռաուլ Հաջիմբան։ Թեկնածուների շարքում ներկայացված են նաև «Ամցահարա» ընդդիմադիր կուսակցության նախագահ Ալհաս Կվիցինիան, պետանվտանգության ծառայության նախկին նախագահ Աստամուր Տարբան, պաշտպանության նախարարի խորհրդական Օլեգ Արշբան և ուրիշներ:
Աբխազիայի տարածքում բացվել են 152 ընտրատեղամասեր։ Նշենք նաև, որ նախագահի ընտրությանը զուգահեռ տեղի է ունենում նաև երկրի փոխնախագահի ընտրության գործընթացը։
Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների ՝ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեն 117 հազար ընտրողներ: Ընտրական մասնակցության շեմ է սահմանվել 50%-ը, այսինքն՝ քվեարկության արդյունքները վավեր կհամարվեն այն դեպքում, եթե քվեարկությանը մասնակցեն ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների կեսը։
Հավելենք, որ նախագահական ընտրությունների վերահսկման համար երկիր են ժամանել ավելի քան 100 միջազգային դիտորդներ:
Հիշեցնենք, որ Աբխազիան միջազգայնորեն չճանաչված պետություն է, որի անկախությունը ճանաչել են ՄԱԿ-ի անդամ համարվող 5 պետություններ՝ Ռուսաստանը, Սիրիան, Նիկարագուան, Վենեսուելան և Նաուրուն։