Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստվում է նոր քայլ կատարել Գործողությունների համատեղ և համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակներում պարտավորությունների կրճատման ուղղությամբ: Այս մասին հայտնում է «IRNA» գործակալությունը։
«Մենք պատրաստվում ենք միջուկային գործարքի շրջանակներում պարտավորությունների կրճատման ուղղությամբ չորրորդ քայլին», — հայտարարել է Մուսավին։
Նրա խոսքով ՝ Թեհրանը հուսով է, որ Եվրոպան կկատարի իր խոստումները, և Իրանը ստիպված չի լինի դրան գնալ:
Ընդ որում, ԱԳՆ ներկայացուցիչը կոչ է արել «համաձայնագրի եվրոպացի մասնակիցներին գործել անկախ ԱՄՆ-ի դիրքորոշումից»:
«Իրանը ողջունում է հարաբերությունների զարգացումը ԵՄ բոլոր երկրների, այդ թվում ՝ ԳՀՀԾ — ի ստորագրողների հետ», — ընդգծել է Աբաս Մուսավին:
Նշենք, որ Իրանի միջուկային գործարքի ապագան հարցականի տակ է դրվել 2018 թվականի մայիսի 8-ի համաձայնագրից՝ ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց և Վաշինգտոնի կողմից նավթի արտահանման ոլորտում Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելուց հետո: Իրանական կողմի վարկածով՝ մյուս մասնակիցները, առաջին հերթին եվրոպացիները, լիովին չեն պահպանում համաձայնագրի տնտեսական մասի իրենց պարտավորությունները, ուստի գործարքն իր ներկայիս տեսքով իմաստ չունի:
2019 թվականի մայիսի 8-ին, Իրանը հայտարարեց միջուկային գործարքի գծով պարտավորությունների մի մասի դադարեցման (հարստացված ուրանի վաճառքի դադարեցում) առաջին փուլի մասին և մյուս մասնակիցներին երկու ամիս տվեց դրա կատարմանը վերադառնալու համար:
Հուլիսի 7-ին Թեհրանն անցել է կասեցման երկրորդ փուլին (հայտարարել է ավելի քան 3,67 տոկոս ուրանի հարստացման մասին) և խոստացել է կրճատել պարտավորությունները յուրաքանչյուր 60 օրը մեկ, եթե մյուս մասնակիցները ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարեն:
Սեպտեմբերի 6-ին Իրանը հայտարարել է, որ ձեռնամուխ է եղել գործարքի շրջանակներում պարտավորությունների կրճատման երրորդ փուլին, որը վերաբերում է միջուկային տեխնոլոգիայի հետազոտման և զարգացման ոլորտներին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







