Իրանի առաջին փոխնախագահ Էսհաք Ջահանգիրին ազգային ողբերգություն է անվանել այն իրավիճակը, երբ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերի սխալի արդյունքում խոցվել է «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing-737 ինքնաթիռը: Այս մասին հայտնում է IRNA լրատվական գործակալությունը։
«Մենք պետք է մեզ զոհերի ընտանիքների, Իրանի քաղաքացիների և պաշտոնատար անձանց տեղը տեղը դնենք, որպեսզի զգայուն լինենք այդ ազգային ողբերգության մասշտաբների նկատմամբ», — ընդգծել է Ջահանգիրին:
Նա կոչ է արել անցկացնել «այդ օդային դժբախտության պատճառների լուրջ, թափանցիկ հետաքննություն»: Փոխնախագահը ցավակցել է բոլոր նրանց ընտանիքների անդամներին, ովքեր զոհվել են միջադեպի հետևանքով:
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing-737-ը վթարի էր ենթարկվել Թեհրանի օդանավակայանից մեկնելուց մի քանի րոպե անց: Արդյունքում զոհվել է 176 մարդ։
Շաբաթ օրը Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում խոստովանել է, որ ինքնաթիռը սխալմամբ է խփվել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






