ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ղրիմի մասին արտահայտությունները Ռուսաստան այցի նախօրեին տհաճ հետք են թողնում, սակայն չեն փչացնում նրա այցի հաջող հեռանկարները: Այս մասին հաղորդում է «Interfax»-ը` հղում անելով Պեսկովի խոսքերին:
«Այս իրավիճակում, երևի թե, մի քիչ տհաճ հետք է թողել այն հանգամանքը, որ նման հայտարարություններ են սկսել հնչել առաջիկա այցի նախապատրաստական աշխատանքների ավարտական փուլի օրերին: Սակայն, այնուամենայնիվ, դա ոչ մի կերպ չի խաթարում նախագահ Էրդողանի՝ Ռուսաստան կատարվելիք հաջող և բովանդակալից, կառուցողական աշխատանքային այցի անցկացման հեռանկարները», — Պեսկովի խոսքը մեջբերում Է գործակալությունը:
Ինչպես հաղորդում է TACC-ը, Պեսկովը հայտարարել է, որ Իդլիբում ահաբեկչական ակտիվությունը մեծ վտանգ է ներկայացնում, և թեման կարևորել է Պուտինի ու Էրդողանի սպասվելիք բանակցություններում:
Պեսկովը նշել է, որ միջազգային քաղաքականության ավանդույթներին համապատասխան, միմյանց այցերից առաջ զգայուն թեմաների վերաբերյալ հայտարարություններ չեն արվում:
«Մենք գիտենք, որ մենք կտրականապես համաձայն չենք այդ հարցի շուրջ, գիտենք նաև, որ այս պահին համաձայնության հասնելու հնարավորություն չկա»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Պատասխանելով հաղորդավարի հարցին, թե ինչի հետ է կապված, որ ռուս-թուրքական հարաբերություններում բարդ ժամանակներ են, Պեսկովն ասել է, որ Թուրքիան շարունակում է ՌԴ գործընկերը լինել, սակայն նշել է, որ որոշ հարցերի շուրջ տարաձայնությունները պահպանվում են:
Ընդ որում, նրա գնահատմամբ, Պուտինն ու Էրդողանն իսկապես շատ վստահելի, աշխատանքային, շատ լավ հարաբերություններ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների բանակցությունները նախատեսված են սեպտեմբերի 29-ին: Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ները հայտնել էին հանդիպման նախաշեմին Անկարայի կողմից լրացուցիչ թուրք զինվորականների Սիրիա տեղափոխելու մասին: Իր հերթին Սիրիայի ԱԳՆ-ն ավելի վաղ Թուրքիայից պահանջել էր դադարեցնել երկրի օկուպացիան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







