«Թալիբան» շարժումը գտնվում է Քաբուլից 50 կիլոմետր հեռավորության վրա, «РИА Новости»-ին ասել է Աֆղանստանում գործող իտալական «Պանգեա» մարդասիրական կազմակերպության նախագահ Լուկա Լո Պրեստին:
Նա ասել է, որ կազմակերպության 22 աշխատակից աֆղան կանայք մնում են Քաբուլում և օգնում են «տեղի հազարավոր բնակիչներին»՝ հիմնականում կանանց և երեխաներին: Աջակցությունը վերաբերում է բժշկությանը, միկրովարկին և երեխաների կրթությանը:
«Մենք շատ անհանգստացած ենք, քանի որ թալիբները գտնվում են Քաբուլից 50 կիլոմետր հեռավորության վրա»,- ասել է Լո Պրեստին:
Այժմ նա փորձում է ուղիներ գտնել իր աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար և հասկանալ, թե ինչպես կարող է շարունակել աշխատել բնակչությանն աջակցելու համար:
Լո Պրեստին Քաբուլի գրավումը համարում է անխուսափելի, քանի որ թալիբների հարձակումը, նրա կարծիքով, «չի կարող դանդաղեցվել»:
Վերջին ամիսներին կառավարական ուժերի և թալիբների միջև դիմակայությունը սրվել է: Դա տեղի է ունենում ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







